ԼՐԱՀՈՍ
25 Nov 2024

«Առավել քան հասկանալի է, որ բյուջեի հավաքագրման լուրջ խնդիրներ կան այսօր»․ տնտեսագետ․ 168.am

«Առավել քան հասկանալի է, որ բյուջեի հավաքագրման լուրջ խնդիրներ կան այսօր»․ տնտեսագետ․ 168.am

Հարկային բարեփոխումների հերթական փաթեթով պետությունը որոշել է 2025 թվականի հուլիսի 1-ից մի շարք մասնագիտական ոլորտներ տեղափոխել ընդհանուր հարկման համակարգ։ Վարվող հարկային քաղաքականությունը մասնագիտական ու հանրային տարբեր շրջանակներ ամենևին չեն դիտարկում «բարեփոխման» տեսանկյունից։

Տնտեսագետ-վերլուծաբան Լիլիա Ամիրխանյանը 168․am-ի հետ զրույցում անդրադառնալով առկա հարկային քաղաքականությանը, նկատեց․ «Այսօր մենք ունենք հարկային վարչարարության բավական խիտ փուլ՝ շրջանառության հարկատեսակի հետզհետե չեղարկում, հարկադրույքների ավելացումներ այլ ուղղություններով, գույքահարկի սպասվող շարունակական թանկացում և այլն»։

Արդյո՞ք այս քաղաքականությունը պայմանավորված է արտաքին գործոնների թուլացման հետևանքով առաջացած և սպասվող բացասական միտումներով, այդ թվում՝ «բյուջեն չլցնելու» մտավախությամբ՝ մեր հարցադրումը Լիլիա Ամիրխանյանն օբյեկտիվ համարեց և այս համատեքստում հիշեցրեց բյուջեի կատարողականի, ֆինանսական սղությամբ պայմանավորված՝ նախկինում եղած նախագծերի չեղարկման մասին՝ ինչպես, օրինակ, Առողջության համապարփակ ապահովագրության ներդրումն էր։

«Ես կարծում եմ՝ առավել քան հասկանալի է, որ բյուջեի հավաքագրման լուրջ խնդիրներ կան այսօր։ Դա երևում է և՛ արտաքին փոխառվող միջոցներից, և՛նախատեսված ծախսերը կրճատելուց, և՛ նաև նման հարկային քաղաքականության կոշտացումից։ Հասկանալի է, որ այս քաղաքականության հիմքում դրված է բյուջեի հավաքագրման խնդիրը, բայց հերթական անգամ գործ ունենք արագ իրավիճակային լուծման հետ․ խնդիր կա հարկերի հավաքման, եկամուտների ձևավորման հետ կապվա՞ծ՝ ի՞նչ ենք անում․ հարկերն ավելացնում ենք։ Չկա երկարաժամկետ ռազմավարական մոտեցում, իսկ նման լուծումներն ավելի երկար ժամանակահատվածում նույն բյուջեն շատ ավելի լուրջ խնդիրների առաջ է կանգնեցնելու․ օրինակ, դժվար կացության մեջ դնելով փոքր ու միջին ձեռնարկատիրությանը՝ ուղղությանը, որին բաժին է ընկնում մեր գրանցված աշխատողների 30-40 տոկոսը, ինչը բավականին մեծ ցուցանիշ է»,- ընդգծեց տնտեսագետը։

Կոնկրետ շրջանառության հարկի հետզհետե չեղարկման գործընթացի մասին իր դիտարկումներում մասնագետը հիշեցրեց, որ այս հարկատեսակի ներդրման նպատակը փոքր ու միջին ձեռնարկատիրության՝ տնտեսության ողնաշարին ուղղված աջակցությունն էր։

«Ու երբ այժմ այդ հարկատեսակից հետզհետե հրաժարվելու ու այն դուրս բերելու քաղաքականություն են վարում, օբյեկտիվորեն առաջանում է հարց՝ մենք այդ հարկատեսակի ներմուծմամբ հռչակված առաքելությունն իրականացրե՞լ ենք արդյոք, փոքր ու միջին ձեռնարկատիրության համար այսօր ունե՞նք բավարար միջավայրը, ստեղծվե՞լ է բիզնեսի այդ միջին խավ կոչվածը և արդյունավետ գործո՞ւմ է, որ մենք համարենք՝ այդ հարկատեսակն իր գործը կատարել է և արդեն դուրս բերելու ժամանակն է,- նշեց Լիլիա Ամիրխանյանը, ապա հարցին անդրադառնալով տնտեսական աճի և տնտեսության այսօրեական կառուցվածքի համատեքստում, հավելեց,- Թեև մենք ունենք վերջին տարիներին բավականին տպավորիչ, «աննախադեպ» աճեր, բայց այդ աճերը ներտնտեսական կարողությունների ավելացման արդյունք չէին, այլ զուտ արտաքին ազդեցություններով ձևավորված միջավայր, որը վիճակագրորեն ավելացրեց այդ արդյունքը և նաև որոշակի դրական նպաստ ունեցավ տնտեսության որոշ հատվածների վրա։ Բայց տնտեսության կառուցվածքը վերջին տարիներին ընդամենը վատթարացել է։

Այսինքն՝ այստեղ շրջհարկը դեռ ոչ միայն խնդիրը չի լուծել, այլ նաև արտաքին գործոնների ազդեցությամբ պայմանավորված՝ մեր տնտեսության կառուցվածքը խեղաթյուրվել է»։

168․am-ի հստակեցմանը, թե ստացվում է՝ այսօր փոքր ու միջին ձեռնարկատիրության համար ավելի՞ անհրաժեշտ է այս հարկատեսակի պահպանումը՝ որպես բուֆերային աջակցություն, տնտեսագետն արձագանքեց․

«Այո, մոտ ապագայի իրավիճակը շատ ավելի է թելադրում իրականացնել գործողություններ, քայլեր, արտոնություններ, որոնք կնպաստեն կայուն և հեռանկարային տնտեսական աճին, որը պետք է հիմնված լինի հենց նույն փոքր ու միջին ձեռնարկատիրության, տնտեսական կարողությունների ավելացմանը։ Շրջանառության հարկի դուրսբերմամբ՝ մենք լրացուցիչ հարված ենք հասցնում առանց այդ էլ այդ խեղաթյուրված կառուցվածքին և լրացուցիչ խնդրի առաջ կանգնեցնելով առհասարակ տնտեսական հետագա աճի խնդիրը»։

Անդրադառնալով հարկատեսակին առնչվող օբյեկտիվ խնդիրներին և չժխտելով դրանք, նա, այդուհանդերձ, շեշտեց՝ պետք չէ գլխատել փոքր ու միջին բիզնեսը նման խնդիր լուծելու համար։ Ըստ նրա՝ այդ դեպքում խնդիրը որքանով լուծվի, շատ ավելի անգամ խնդիրներ կստեղծի այդ դաշտում աշխատող փոքր ու միջին տնտեսվարող սուբյեկտների համար, ինչն էլ մակրո մակարդակում առաջացնելու է տնտեսական աճի խնդիր։

«Խնդիր, որը մեզ համար շատ կարևոր է, որովհետև այն արտաքին գործոնները, որոնք վերջին տարիներին մեզ համար նպաստ են բերել, այսօր արդեն գրեթե չեզոքանում են ամբողջությամբ։ Այսինքն՝ մեր տնտեսությունն այսօր առանց արտաքին գործոնների՝ կարող է իրականում ձեռնունայն մնալ, որովհետև մենք զուգահեռաբար խորքային խնդիրներ ենք ձեռք բերել վերջին տարիներին, օրինակ՝ գյուղատնտեսության, հանքարդյունաբերության ոլորտներն անկումային են, արտահանելի հատվածում կան խնդիրներ, փոքր ու միջին ձեռնարկատիրության իրական հատվածում կան խնդիրներ, իսկ օրվա նման հարկային քաղաքականությունն էլ ավելի մեծ խնդիրների առաջ է կանգնեցնելու»,- պարզաբանեց Լիլիա Ամիրխանյանը։

 

Աղբյուրը՝ 168.am