Մանե Թանդիլյանը դադարեցնում է հացադուլը. նա խոսել է հետագա քայլերի մասին

Այսօրվանից կդադարեցնենք հացադուլը, սակայն մենք թիմով որոշել ենք այլ քայլերի դիմել։ Մենք գիտենք, որ բավարար ջանք չենք գործադրել, ինչն էլ պատճառ է դարձել Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվում հացադուլ սկսելուն․ այս մասին հրավիրված ասուլիսի ժամանակ ասել է տևական ժամանակ հացադուլի մեջ գտնվող «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը:
«Մենք զրույց ենք ունեցել Ռուբեն Վարդանյանի ընտանիքի անդամների հետ, իր կինը և քույրը մեզ խնդրել են դադարեցնել հացադուլը, հորդորել են ուժեղ պահել Ռուբենին, որ մեր քայլով որևէ կերպ վատ չզգա նա: Մենք, լսելով իրենց, խոստացել ենք դադարեցնել հացադուլը։ Երկարաժամկետ ծրագիրը մեր 23 գերիներին տուն վերադարձնելուն է ուղղված։ Այս Կառավարությունը պետք է հասկանա՝ մենք իրենց հանգիստ չենք տա, մինչև նրանք չվերադառնան։ Բանակցեք, խաղաղություն բերեք, բայց ձեր օրակարգում ունեցեք գերիների վերադարձի հարցը»,- ասել է Թանդիլյանը։
Մանե Թանդիլյանի խոսքով՝ պետք է մտնել ակտիվ գործողությունների փուլ , չլռել և հանգիստ չնստել մինչև վերջին հայորդին տուն չվերադառնա։
«Մեր կարճաժամկետ անելիքը հայորդու կյանքը փրկելն է, պետք է միջազգային կառույցներից պահանջենք քայլեր ձեռնարկել, չլռել։ ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց ուրբաթ օրը՝ ժամը 13:00-ին, ակցիա է լինելու, ՄԱԿ-ի ղեկավարից պահանջելու ենք մաանակցել Բաքվում կատարվող դատավարություններին։»,- նշել է նա:
Հիշեցնենք, որ «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը Երևանի Ազատության հրապարակում հացադուլ է սկսել մարտի 1–ից` ի պաշտպանություն Բաքվում ապօրինի դատվող հայերի` կոչ անելով նաև Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին դադարեցնել հացադուլը։
Աղբյուրը՝ ABCmedia