ԼՐԱՀՈՍ
18 Mar 2025

«Հայաստանի իշխանությունը սեփական ժողովրդից գաղտնի է պահում այս կենսական կարևորություն ունեցող հարցերը»․ Թաթոյան

«Հայաստանի իշխանությունը սեփական ժողովրդից գաղտնի է պահում այս կենսական կարևորություն ունեցող հարցերը»․ Թաթոյան

«Այսպես կոչված «խաղաղության համաձայնագրի» վերաբերյալ «բանակցությունների» ավարտի մասին հայտարարություններից անմիջապես հետո ադրբեջանական գրեթե բոլոր մեդիա հարթակներով տարբեր պետական-քաղաքական գործիչներ առաջ են բերում (հետևում կանգնած է ադրբեջանական իշխանությունը) լրացուցիչ պահանջներ`

Հայաստանի կառավարությունը պետք է ապահովի «արևմտյան ադրբեջանցիների» վերադարձ և նրանց անարգել ելումուտ Հայաստան:

 Այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի բացում այնպես, ինչպես դեռ 2021 թ. նոյեմբերին Թուրքիայի նախագահի հետ ասուլիսի ժամանակ հայտարարել էր Ադրբեջանի նախագահը, այն է «Զանգեզուրի միջանցքը» իրար է կապելու ողջ թյուրքական աշխարհը։

ՀՀ սահմանադրության փոփոխություն ըստ ադրբեջանական պահանջների։

Հայաստանը պետք է հատուցում վճարի Ադրբեջանին:

Հայաստանը պետք է հանդես գա ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման նախաձեռնությամբ:

Պետք է տեղի ունենա Հայաստանի ապառազմականացում և գնված զենքերի հանձնում կամ վերադարձ։

Հայաստանում պետք է դադարեցվի Արցախյան առաջին պատերազմի հաղթանակի և պատերազմի մասնակիցների հերոսացումը:

Հայաստանում պետք է փակվեն այն բոլոր կառույցներն ու կազմակերպությունները, որոնք զբաղված են ազգային արժեքների տարածմամբ։

 Ըստ ադրբեջանական իշխանական քարոզչության` սրանք այն խնդիրներ են, որ պետք է լուծվեն «խաղաղության համաձայնագրի» ստորագրումից դուրս և նախքան ստորագրումը։

Այնպես, որ բացի այն, որ Հայաստանի իշխանությունը սեփական ժողովրդից գաղտնի է պահում այս կենսական կարևորություն ունեցող հարցերը, իշխանության մնալու մոլեռանդությամբ թաքցնում են այս ամենը` տպավորություն ստեղծելով, թե իրենք տիրապետում են իրավիճակին, և այդ համաձայնագիրը բխում է Հայաստանի շահերից` ակնհայտ իմանալով, որ դա այդպես չէ»:

 

Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյան