«ԱՄՆ-ն չի կարող որևէ բանի հասնել սպառնալիքների միջոցով»․ Իրանի գերագույն առաջնորդ

ԱՄՆ-ը պետք է իմանա, որ սպառնալիքների միջոցով ոչնչի չի հասնի։ Այս մասին հայտարարել է Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին՝ ելույթ ունենալով Նովրուզի կապակցությամբ Թեհրանի իր նստավայրում բնակչության տարբեր շերտերի ներկայացուցիչների հետ հանդիպմանը։ Նա հիշեցրել է, որ անցյալ տարի իսրայելական հարձակումների ժամանակ սպանվել են այնպիսի նշանավոր դեմքեր, ինչպիսիք են Հեզբոլլահի առաջնորդ Հասան Նասրալլան և ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն։
Իրանի հոգեւոր առաջնորդը նշել է, որ այս իրադարձությունները մեծ ողբերգություն էին երկրի համար։ Մեկնաբանելով Իրանի հասցեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքները՝ Խամենեին վստահություն է հայտնել, որ դրանք ոչնչի չեն հանգեցնի։ «Ամերիկացիները պետք է իմանան, որ Իրանին սպառնալով ոչնչի չեն հասնի։ Մենք երբեք չենք եղել այն կողմը, որը սկսել է հակամարտությունը, բայց եթե ինչ-որ մեկը դա անում է, ապա պետք է իմանա, որ լուրջ ապտակ է ստանալու», - ասել է այաթոլլա Ալի Խամենեին:
Հիշեցնենք՝ նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նամակով դիմելով Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին երկու ամիս ժամանակ էր տվել միջուկային նոր համաձայնագրի համար, և նշել, որ եթե Թեհրանը չգնա Վաշինգտոնի պայմաններին, ապա կմեծանան շանսերը, որ ԱՄՆ-ն կամ Իսրայելը ռազմական գործողություններ կձեռնարկեն Իրանի միջուկային օբյեկտների դեմ։ Իրանն արձագանքել է՝ նշելով, որ մոտակա ժամանակահատվածում կպատասխանեն Թրամփի նամակին։
«Մենք միանշանակ, ուղղակի բանակցություններ չենք վարի ճնշման, սպառնալիքների և պատժամիջոցների ուժեղացման ներքո: Բանակցությունները պետք է ընթանան հավասար պայմաններով: Մենք կպատասխանենք Թրամփի նամակին մոտ օրերս և այն կուղարկենք համապատասխան ուղիներով»,-ասել է Իրանի արտգործնախարարության ղեկավար Աբբաս Արաղչին։
Փոխանցում է Yerkir.am-ը