ԼՐԱՀՈՍ
19 Feb 2025

«Մեզ համար ցեղասպանությունը բանակցությունների առարկա չէ, եթե Փաշինյանը Կանադա գա՝ վստահ եղե՛ք, 1000 մարդ կկանգի իր դիմաց՝ պատրաստ թքելու երեսին»․ Մհեր Գարագաշյան

«Մեզ համար ցեղասպանությունը բանակցությունների առարկա չէ, եթե Փաշինյանը Կանադա գա՝ վստահ եղե՛ք, 1000 մարդ կկանգի իր դիմաց՝ պատրաստ թքելու երեսին»․ Մհեր Գարագաշյան

Նիկոլ Փաշինյանի որևէ թեզ այլևս ընդունելի չէ, մենք գիտենք, որ գործ ունենք մեծ մանիպուլյատորի հետ, գործ ունենք գործակալի հետ, գործ ունենք ուրիշի կամակատարի ու պատվերները կատարող մարդու հետ, ով ՀՀ վարչապետի տիտղոսն է կրում։ Այս կոնտեքստում նրա՝ Ցեղասպանության շուրջ արած որևէ հայտարարություն գոնե ինձ այլևս չի զարմացնում։

Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Կանադայի Հայ դատի հանձնախմբի նախկին ղեկավար, հասարակական գործիչ, մանկավարժ Մհեր Գարագաշյանը։

Նա ընդգծեց, որ Փաշինյանի բոլոր հայտարարությունները՝ Արցախից սկսած մինչև ՀՀ սահմանների, Խաղաղության խաչմերուկի մասին, մոգոնված պատմություններ են, ֆեյք են ու ունեն պատվիրատուներ։
«Թե ով է պատվիրատուն՝ կարծում եմ, հստակ է։ Ամեն շաբաթ, առանց բացառության, նա ու իր ոհմակը հայտարարություններ են անում, որոնք մի նպատակ ունեն, շեղելու մեր ժողովրդին՝ այդ թվում Սփյուռքին, իրական տեսլականներից»,- արձանագրել է Մհեր Գարագաշյանը՝ նկատելով, որ ինքը Ցեղասպանությունը վերապրածների ժառանգ է, մուսալեռցի։

 

«Իմ նախահայրերը եթե դիմադրած չլինեին թուրքին՝ ես այսօր ողջ չէի լինի։ Գալ ու հիմա ինձ ասել, թե եկեք քննենք, թե ինչպես եղավ, որ 1930-ականներին այսպես չէր, իսկ 1950-ին այնպես էր՝ փորձելով մատնացույց անել ՌԴ-ին, ԽՍՀՄ-ին կամ որևէ մեկին, ինձ համար պարզապես անընդունելի է։ Ես առաջին աղբյուրից՝ մեծ- մայրիկից ու մեծ պապիկից եմ լսել իրական պատմությունները, ոչ ոք ինձ չի կարող այլ բան պատմել։ Իմ Մեծ մայրը ամեն գիշեր մի հեքիաթ էր պատմում ինձ, որը վերջ չուներ, բայց հեքիաթից հետո անպայման ինձ պատմում էր լեռան մասին, Մուսա լեռան մասին, թե ինչպես ելան լեռը ու դիմադրեցին։ Նա էլ լսել էր իր մորից, հիմա գալ ու հարցականի տա՞կ դնել ցեղասպանությունը․․․․ եթե ասեմ, որ սա նման է տրագիկոմեդիայի, կնշանակի ոչինչ չասել, եթե ասեմ՝ զավեշտ է՝ կնշանակի ոչինչ չասել։ Ես կասկած չունեմ որ գալիք շաբաթ նոր բան է մոգոնելու, հորինելու, որ մեզ շեղի բուն նյութից, որ ինքը ծախել է Արցախը, հանձնել է Արցախը, որ ինքը Հայաստանի Հանրապետության սահմանները պաշտպանել չգիտի , որ ինքը ՀՀ չգիտեմ էլ արդեն քանի կիլոմետրանոց տարածքը պաշտպանել չգիտի, որովհետև թշնամին արդեն մխրճվել է ՀՀ տարածք, իսկ ինքը զբաղված է հեծանիվ քշելով ու Եվրոպայի ու այլ երկրների մայրաքաղաքները շրջելով, փոդքաստեր անելով»,- ասաց մեր զրուցակից սփյուռքահայ գործիչը։

Մհեր Գարագաշյանը մանկավարժ է ու հաճախ շփվում հայ համայնքի հետ, եւ, նրա փոխանցմամբ, այդ շփումները վկայում են, որ Փաշինյանը Սփյուռքում այլևս չունի աջակցություն։ «Սփյուռքում արդեն ջախջախիչ մեծամասնությունը չի աջակցում իրեն, հատուկենտ մարդիկ կարող եք գտնել, որ դեռ աջակցում են։ Մարդիկ բոլորը զզված են ու դառնացած, բայց անզորության զգացումը պիտի անցնի, որովհետև Նիկոլ Փաշինյանը չէ, որ պետք է մեր դագաղի վերջին մեխը խփի»,- նշեց նա։

Գործչի դիտարկմամբ՝ Կանադան ՆԱՏՕ-ի անդամ երկիր է, սակայն սա չի խանգարում, որ հայկական համայնքը հստակ իր դիրքորոշումը հայտնի առ այն, որ չեն կիսում ՀՀ իշխանությունները տեսակետը Հայոց Ցեղասպանության հարցում։
«Մեզ համար ցեղասպանությունը բանակցությունների առարկա չէ, մենք ցեղասպանությունը վերապրողների զավակներ ենք ու, որքան էլ քաղաքական պայմանավորվածություններ լինեն, մենք հստակ տրամադրվածություն ունենք այս հարցում, և եթե անդամ վաղը, մյուս օրը մեր դեսպանությունը այլոց կառավարության մեջ նման հարց կամ սխալ հայտարարություն անի՝ մենք շատ կտրուկ կարձագանքենք»։

Դիտարկմանը, թե Թուրքիան պարբերաբար հայտարարել է, որ Սփյուռքը իր համար մեծագույն խնդիր է, արդյոք իր գաղափարական նոր թեզերով Փաշինյանը չի փորձում նաև Սփյուռքից մեկուսացնել Հայաստանը՝ նա պատասխանեց․ «Վստահաբար, ոչ թե 100, այլ 1000 տոկոսով եմ վստահ դրանում։ Թուրքիայի ճարպիկ խաղն այն է՝ «Բաժանիր, որ տիրես»։ Ինքը արդեն քանի տարի է խաղում է այդ խաղը, որ Սփյուռքն է մոլեռանդը, իսկ Հայաստանի դեպքում այն թեզն են առաջ քաշում, որ վերջը հարևան ենք, պետք է նորմալ ապրենք։ Հասկացանք, որ հարևան է, բայց թշնամական կեցվածք է ցուցաբերում քո հանդեպ։ Թուրանական ծրագրի իրագործման մի բաժինը մեր աչքի առաջով անցավ 2023-ի սեպտեմբերին, երբ Արցախը հայրենաթափվեց ու ցեղասպանվեց։ Այս բոլորով հանդեձ՝ Թուրքիան դեռ կրկնում է այն թեզը, թե տակավին Սփյուռքն է խանգարում։ Այսօր Հայաստանի հայության կեսի իր արմարտները Արևմտյան Հայաստանում են, Վանում, Մուշում, Սասունում։ 400.000 վերապրողներ են հաստատվել Երևանի նահանգի մեջ, հիմա Թուրքիան ինչ տեսակ թոզ ուզում է թող փչի մեր երեսին, մենք հարց ունենք, ինչո՞ւ Հայաստանում Նոր Զեյթուն կա, նոր Արաբկիր կա։ Դրա մասին այսօրվա իշխանությունները պետք է բարձրաձայնեն ու դրա վախը չունենան, բայց դժբախտաբար այսօր չենք տեսնում նման համարձակնություն, ոչ էլ Թուրքիայի հետ բարիդրացիական հարաբերություններ ենք տեսնում։ Դրա փոխարեն տեսանք Արցախի հայաթափումը և ցեղասպանությունը։ Թուրքը մեզ համար հստակ է թե ով է, ու չի փոխվի»,- նշեց կանադահայ գործիչը

Անդրադառնալով Փաշինյանի Գերմանիա կատարած այցին՝ նա ընդգծեց, որ այդ այցը հստակ ցույց տվեց, թե ինչ ընկալում ունի Փաշինյանը Սփյուռքում։ «Գերմանահայոց կենտրոնական խորհուրդը հերքեց, որ ինքը այնտեղ ինչ- որ մադկանց է հանդիպել, սա է։ Եթե գա այստեղ կարող է 15 հոգի գտնել, ով իր հետ կհանդիպի, որոնց կեսը դեսպանատան պաշտոնյաներ կլինեն, փոխարենը իր դեմ 1000-ավոր մարդիկ կկանգնեն, որոնք պատրաստ կլինեն թքել իր երեսին»,-եզրափակեց Գարագաշյանը։

 

Աղբյուր` Փաստինֆո