ԼՐԱՀՈՍ
19 Feb 2025

«Ես սիրում եմ Ուկրաինան, բայց Զելենսկին սարսափելի գործ է արել». Թրամփ

«Ես սիրում եմ Ուկրաինան, բայց Զելենսկին սարսափելի գործ է արել». Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը X-ի իր էջում տեքստ է հրապարակել՝ խիստ քննադատության ենթարկելով Ուկարինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն։

«Պատկերացրեք, համեստ հաջողության հասած կատակերգու Վլադիմիր Զելենսկին համոզեց Ամերիկայի Միացյալ Նահանգներին ծախսել 350 մլրդ դոլար մի պատերազմի համար, որում հաղթանակ չէր կարող լինել, որը պետք է չսկսվեր, բայց մի պատերազմ, որը նա առանց ԱՄՆ-ի և «ԹՐԱՄՓԻ» երբեք չի կարողանա լուծել: Միացյալ Նահանգները ծախսել է 200 մլրդ դոլար՝ ավելին, քան Եվրոպան, և Եվրոպայի գումարը երաշխավորված է, մինչդեռ Միացյալ Նահանգները ոչինչ հետ չի ստանա: Ինչու՞ քնկոտ Ջո Բայդենը չպահանջեց հավասարեցում. որովհետև այս պատերազմը շատ ավելի կարևոր է Եվրոպայի համար, քան մեզ համար: Մենք ունենք մեծ, գեղեցիկ օվկիանոս որպես բաժանում:

Բացի այդ, Զելենսկին ընդունում է, որ իրեն ուղարկված գումարի կեսը «ԲԱՑԱԿԱՅՈՒՄ Է»: Նա հրաժարվում է ընտրություններ անցկացնել, ուկրաինական հարցումներում ցածր վարկանիշ ունի, և միակ բանը, որում նա լավ էր, Բայդենին «ջութակի պես նվագելն» էր: Առանց ընտրությունների դիկտատոր Զելենսկին պետք է արագ շարժվի, այլապես երկիր չի ունենա: Միևնույն ժամանակ, մենք հաջողությամբ բանակցում ենք Ռուսաստանի հետ պատերազմը դադարեցնելու շուրջ, մի բան, որը բոլորն ընդունում են, որ միայն «ԹՐԱՄՓԸ» և Թրամփի վարչակազմը կարող են անել: Բայդենը երբեք չփորձեց, Եվրոպան չկարողացավ խաղաղություն բերել, և Զելենսկին հավանաբար ուզում է պահպանել «փողի հոսքը»: Ես սիրում եմ Ուկրաինան, բայց Զելենսկին սարսափելի գործ է կատարել, նրա երկիրը ջախջախված է, և ՄԻԼԻՈՆԱՎՈՐ մարդիկ անտեղի մահացել են։ Եվ այսպես շարունակվում է…..»,- ասել է Թրամփը։

Թրամփն այսօր ավելի վաղ Ֆլորիդա նահանգի Մար-ա-Լագոյի իր նստավայրում հրավիրած ասուլիսին խոսել է Ռիադում կայացած ամերիկա-ռուսական բանակցությունների մասին։

«Այժմ ես շատ ավելի վստահ եմ գործարքի հնարավորության հարցում, ամեն ինչ շատ լավ անցավ: Ռուսաստանը ցանկանում է հասնել որևէ լուծման»,- ասել է Թրամփը՝ հայտարարելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելու պատրաստակամության մասին, հավանաբար մինչև փետրվարի վերջ:

Մամուլի ասուլիսի ընթացքում Թրամփը մեկ այլ ժեստ է արել Մոսկվայի ուղղությամբ՝ քանդելով Հին աշխարհի համար «ռուսական սպառնալիքի» պատմությունը: Նրա խոսքով՝ Ռիադի հանդիպման ժամանակ ռուսական պատվիրակությունը չի պահանջել Եվրոպայից ամերիկյան զորակազմի դուրսբերում: «Ոչ ոք ինձ նման բան չի խնդրել: Ես չէի ցանկանա այդպիսի քայլի գնալ, սակայն այս թեման ոչ ոք չի բարձրացրել»,- հայտնեց նա:

Փոխանցում է «ՍիվիլՆեթը»