ԼՐԱՀՈՍ
20 Feb 2025

Արցախյան շարժումը անցյալում ավարտված իրողություն չէ. ՀԱԵ Արցախի թեմ

Արցախյան շարժումը անցյալում ավարտված իրողություն չէ. ՀԱԵ Արցախի թեմ

Արցախյան շարժումը անցյալում ավարտված իրողություն չէ, Արցախ վերադարձի սպասումով է մեր ժողովուրդը մնում միասնական ու տոկուն՝ անկախ արտաքին հանգամանքներից։ Այս մասին այսօր արցախյան շարժման 37 ամյակի կապակցությամբ հայտարարություն է տարածել Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմը։

«Այսօր մեզ մնում է ապրել և գործել դեպի Արցախ հավաքական վերադարձի հավատով ու սպասումով։ Այդ սպասումն է մղում մեզ բոլորիս՝ աղոթելու, որ գալիքն ավետաբեր լինի, և որ Քրիստոսով հաղթական վերադարձ ունենանք հայրենյաց երկիր», - նշված է հայտարարությունում։

Անդրադարձ է կատարվել նաև Բաքվում գերության մեջ գտնվող Արցախի պաշտոնյաններին։ «Թշնամական գերության մեջ են գտնվում Արցախի պետական այրերը՝ անկախության խորհուրդն իրենց մեջ կրող անձերը, և որ այդ նույն սպասումով բոլորս պարտավոր ենք ջանալ նրանց ազատության և վերադարձի համար», - ասվում է հայտարարությունում։

Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմը նշում է, որ իրենց աղոթքն ու մաղթանքն է, որ 37 տարի անց ևս Արցախյան շարժման վեհ գաղափարները չդադարեն մարդկանց գիտակցության մեջ, այլ շարունակեն լինել ուժ ու եռանդ տվող մղիչ ուժ։

 

Փոխանցում է Yerkir.am-ը