ԼՐԱՀՈՍ
04 Mar 2025

«Գյումրիում ՔՊ-ի կողմից մեծամասնության ապահովումն անհնարին է»․ Մելքոնյան

«Գյումրիում ՔՊ-ի կողմից մեծամասնության ապահովումն անհնարին է»․ Մելքոնյան

«Հայաստանում  շարունակվում են թիրախավորված բռնաճնշումները ընդդիմադիր գործիչների, անկախ լրագրողների, քաղաքացիական հասարակության կարևոր կազմակերպությունների, իրավաբանների, արվեստագետների և գիտնականների դեմ։

 

Այսօր քչերն են կասկածում, որ Հայաստանի Հանրապետության գործող իշխանությունը  լուրջ անհանգստացած է մարտի 30-ին կայանալիք Գյումրու արտահերթ  ընտրություններով։ Հաշվի առնելով, որ իշխող կուսակցության աջակցությունը թե՛ Հայաստանում և թե՛ հանրապետության երկրորդ քաղաքում գտնվում է շատ ցածր մակարդակում, Գյումրի համայնքի նոր ավագանիում «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցության կողմից մեծամասնության ապահովումը կարող է բարդ, նույնիսկ անհնարին  խնդիր լինել:

 

Իրավիճակը Գյումրիում  իհարկե, շատ բարդ է։ Պետք է հստակ արձանագրենք, որ համայնքում վերջին տարիներին կուտակվել են բազմաթիվ խնդիրներ՝ քաղաքական, իրավական, սոցիալ-տնտեսական, կրթական, տրանսպորտային, էներգետիկ և այլ բնույթի։ Այս հարցերը բավականին սուր են, արդիական․ արդիական էին նաև  երեկ։

 

Դրանք շատ արագ լուծում չեն ստանա, քանի որ դրանց բարդության աստիճանը և գործող իշախանության ձեռնարկված հակաճգնաժամային միջոցառումների մասշտաբները հեռու են համարժեք լինելուց։ Քաղաքական կայունության խնդիրը ռեպրեսիվ մեթոդներով լուծելու իշխանությունների փորձերն ապարդյուն են և նպաստում են լարվածության հետագա սրմանը։

 

Այստեղ չպետք է լինեն երկակի ստանդարտներ՝ ոմանց պատժել, աչք փակել մյուսների անօրինական գործողությունների վրա, հասարակությանը  դիտավորյալ բաժանել սևերի և սպիտակների։

 

Ցավոք սրտի, վերջին տարիներին Հայաստանում գործող քաղաքական մեծամասնությունը սպանում է ընտրությունների ինստիտուտը՝ ոչնչացնելով հանրային վստահությունը հենց խորհրդարանական ժողովրդավարության ընթացակարգի և գաղափարի նկատմամբ։ Ինչքան մոտենանք Գյումրիում կայանալիք  արթահերթ ընտրություններին, այնքան իշխանական բռնաճնշումներն ավելի  կոշտ են լինելու՝ ձգտելով արմատախիլ անել այլախոհության ցանկացած դրսևորում․․․

 

Հարգելի հայրենակիցներ,Մեր դիրքորոշումը թե Հայաստանի Հանրապետության  և թե Գյումրի համայնքի հիմնական քաղաքական, անվտանգային  և տնտեսական հարցերի վերաբերյալ կմնա հետևողական, հաստատուն և սկզբունքային՝ չնայած ցանկացած բռնաճնշումների։ Մենք շարունակելու ենք պաշտպանել մեր քաղաքացիների  շահերը՝ մերկացնելով կառավարության քաղաքականության հակաժողովրդական բնույթը»,- այս մասին ԱԺ ամբիոնից ելույթ ունեցավ «Հայաստան» խմբակցության պատգամվոր Մհեր Մելքոնյանը։