Բելառուսում Հայաստանի դեսպան Ռազմիկ Խումարյանը չի վերադառնա Մինսկ․ Sputnik Արմենիա
Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարը Երևան էր կանչվել դեռևս 2024 թվականի ամռանը և դրանից հետո չէր վերադարձել Բելառուս։
ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. Բելառուսում Հայաստանի դեսպան Ռազմիկ Խումարյանը, Sputnik Արմենիայի տեղեկություններով, Հայաստան հետ կանչվելուց հետո Մինսկ չի վերադառնա։
Խումարյանը խորհրդակցությունների համար Հայաստան էր հրավիրվել դեռևս 2024 թվականի հունիսին։
Մեր տեղեկություններով՝ դրանից հետո նա Բելառուս չի վերադարձել։
Երևանի և Մինսկի հարաբերությունները վերջին շրջանում զգալիորեն սառել են։ Երկու երկրների պաշտոնատար անձանց միջև լարվածությունն առաջացավ Բելառուսի նախագահի կողմից ղարաբաղյան պատերազմի արդյունքների վերաբերյալ հնչեցրած գնահատականներից հետո: Փաշինյանն ավելի ուշ հայտարարեց, որ Բելառուսի առաջնորդը փաստացի խոստովանել է Ադրբեջանին օգնություն ցուցաբերելու մասին, և ՀՀ պաշտոնյաներին արգելեց մեկնել Բելառուս, քանի դեռ այնտեղ նախագահ է մնում Ալեքսանդր Լուկաշենկոն:
Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունները հունիսին նույնիսկ նոտաներ են փոխանակել։ Օգոստոսին, Լուկաշենկոյի հերթական հայտարարությունից հետո, Երևանում Բելառուսի դեսպանատան շենքի վրա լոլիկ և կարտոֆիլ էին նետել:
Հայաստան–Բելառուս հարաբերությունների սառեցումը հերթական անգամ երևաց դեկտեմբերի 26–ին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ, երբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի (վերջինս Սանկտ Պետերբուրգում անցկացվող նիստին մասնակցում էր տեսակապի միջոցով) և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի միջև փոխադարձ խայթոցներ եղան։
Աղբյուրը՝ Sputnik Արմենիա